Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը, չի համապատասխանում իրականությանը, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:
«Վրաստանի կառավարությունն ուսումնասիրում է երկաթուղու վերականգման հարցը եւ համարում է, որ դա կարող է շահավետ լինել, սակայն նախքան որոշում ընդունելը երկար ճանապարհ է պետք անցնել: Այդ թվում պետք է որոշել բազում քաղաքական ու տեխնիկական հարցեր, ինչպես նաեւ տեղեկացնել հասարակությանն ու նրա հետ երկխոսություն ունենալ: Այս պահին Վրաստանի կառավարության կողմից Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգման վերաբերյալ որեւէ պաշտոնական որոշում չի ընդունվել եւ որեւէ նախնական հայտարարություն անելու համար դեռ վաղ է»,- նշվում է հաղորդության մեջ, հայտնում է «ԻնտերՊրես Նյուսը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առթիվ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նույնպես հայտարարել էր, որ «Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը լուրջ ռիսկերի հետ է կապված, որոնք «գալիս են Ռուսաստանից ու Վրաստանի տարածքի շրջափակման փաստից»:
Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը:
Աբխազական կողմը իր զարմանքն է հայտնել այդ հայտարարության առթիվ՝ նշելով, որ Աբխազիայի տարածքով միջանցիկ երկաթուղու բացման թեման վաղուց չի բարձրացվել ո՛չ ռուս-աբխազական երկխոսության եւ ո՛չ էլ այլ որեւէ ձեւաչափում:





























