Ազգային ժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 9-ի նիստում.ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրամյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ստեղված իրավիճակի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Իր հերթին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման շուրջ քննարկում անցկացնել ԱԺ-ում: «Մոսկովյան այդ հայտարարությունը կանգնեցրեց Հայաստանի աշխարհաքաղաքական ճգնաժամի շեմին` մի իրավիճակ, որ նախկինում երբեք նման սրությամբ արտահայտված չի եղել: Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհին, որի վերջում անկախության կորուստն է:

Խորհրդարանին տեղյակ չեն պահել: Ես պահանջում եմ, որպեսզի նախագահն ու ԱԳ նախարարը գան խորհրդարան եւ պատասխանեն մեր հարցերին, որպեսզի մենք հասկանանք Մաքսային միությանը միանալու նպատակահարմարությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախագահը ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի՝ առանց ԱԺ-ի հետ խորհրդակցելու: «Ես համոզված եմ, որ Մաքսային միությանը միանալու որոշումը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից եւ համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ մենք կորցնում ենք մեր իշխանությունն ու անկախությունը: Հակառակը, այսպիսով փորձում ենք լուծում տալ այն խնդիրներին, որ ծառացած են մեր երկրի առջեւ»,- ասել է ԱԺ նախագահը:
ԱԳ նախարարին խորհրդարան հրավիրելու առաջարկով հանդես է եկել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական միության ձեւավորման աշխատանքներին: