Նախքան Մաքսային միություն մտնելու մտադրության մասին նախագահի հայտարարությունը, ես ասել էի, որ պետք չէ սենսացիաներ ակնկալել Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ոչ մի սենսացիա այդպես էլ տեղի չունեցավ:
«Եվրասիական միությունը մի բան է, իսկ Մաքսային միությունը` միանգամայն այլ: Հայաստանը շահագրգռված է Մաքսային միություն մտնելու հարցում, իսկ Եվրասիական միության հարցով դեռ հստակ ծրագիր չկա, որպեսզի մենք որեւէ բան քննարկենք», - նշել է Սահակյանը: Ըստ նրա` անցյալ տարի դեկտեմբերի 12-ին նախագահն արդեն խոսել էր Մաքսային միություն ընդգրկվելու` Հայաստանի շահագրգռվածության մասին: Միաժամանակ Սահակյանը նշել է, որ ցանկացած միջպետական հարաբերություններ ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:
Ի պատասխան հարցին, թե հանրապետականներն արդյոք նախքան նախագահի Մոսկվա գնալն իմացել են Սերժ Սարգսյանի հայտարարության բովանդակության մասին, Սահակյանն ընդգծել է, որ պետության ղեկավարը միշտ ամեն ինչ քննարկում է իշխող կուսակցության ղեկավարության հետ: Իսկ ի պատասխան հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի նախագահի խորհրդականներից մեկի հայտարարությունը, որտեղ վերջինս Հայաստանը համեմատել էր ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունեցող Կալինինգրադի մարզի հետ, Գալուստ Սահակյանն ասել է. «Դա վիրավորական է, եւ ամեն մի դուրսպրծուկ չպետք է ինչ-որ բան ասի հայերի հասցեին: Հիշեք, Հայաստանի անկախությանը վնասող ոչինչ չի թույլատրվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























