Այսօր` սեպտեմբերի 9-ին, առավոտվանից Երեւանի կենտրոնական փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է, պատճառը` ասֆալտապատման աշխատանքներն են:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, անհրաժեշտ է ասֆալտապատման աշխատանքներն հնարավորինս արագ ավարտել: Նա շեշտեց, որ գիշերներն էլ են աշխատանքներ տարվում, ամեն ինչ անում են օր առաջ ասֆալտապատումն ավարտելու համար: «Շեշտը դրել ենք որակյալ աշխատանքի վրա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ասֆալտապատումն իրականացվի համապատասխան լուսավորության պայմաններում»,- ասաց Արթուր Գեւորգյանը` ներողություն հայցելով բնակիչներից պատճառված անհարմարությունների համար:

Իսկ ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը իր ուժերի զգալի մասը կենտրոնացրել է շինհրապարակների մոտ, որպեսզի փորձեն մեղմացնել վիճակը, բայց քանի որ տրանսպորտային միջոցների քանակը շատ է, խնդիրը դժվարանում է: «Փորձելու ենք այսուհետ այնպես անել, որ ասֆալտապատման աշխատանքները իրականցվեն առանց ճանապարհը փակելու, այսինքն` գոնե ճանապարհի կես հատվածը փակվի, որպեսզի տրանսպորտն անցնի»,- ասաց Արսեն Արշակյանը:

Նա նկատեց, որ Արշակունյաց պողոտայում ասֆալտապատման աշխատանքների պատճառով խցանված են նաեւ մյուս փողոցները` Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, Խորենացի, Իսակովի պողոտաները: