Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014-ի մայիսին, երբ ծրագրվոմ է պայմանագիր կնքել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի կառավարության նիստի ժամանակ հաղորդել է փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Փորձագետներն ասում են, որ միաժամանակ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը ձեւակերպելով՝ կարող ենք պայմանավորվել նաեւ թեկնածուների հետ, որ ինտեգրման առաջին փուլի դրույթները կարելի է համաձայնեցնել հաջորդ տարվա մայիսին»,-ասել է Շուվալովը, փոխանցում է «Փրայմը»:

Նա ընդգծել է, որ աշխատանքը շատ լարված է ընթանում, սակայն «ի վիճակի ենք այն իրականացնել»: «Եվրասիական տնտեսական համագործակցության ռուսական կառավարության ներկայացուցիչները բանակցում են, որպեսզի այն իրականություն դարձնեն»,-ասել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը, ընդգծել է, որ «անկասկած հայ գործընկերների այդ մտադրությունը ողջունում ենք»: «Հայաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունենք, իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր եւ Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին լրացուցիչ հնարավորություններ կընձեռի»,-համոզված է նա: