Վերջին ամիսների ընթացքում թուրքական տնտեսության վիճակը վատթարացել է՝ ԴՊՀ-ի կողմից քանակական խթանման ծրագրերի հնարավոր դադարեցման խոսակցությունների ֆոնին: Դրանք ապահովում էին զարգացող տնտեսությունների արագ աճ:
Բացի այդ, թուրքական տնտեսության համար բացասական գործոն է հանդիսանում երկրից օտարերկրյա կապիտալի արտահոսքը, կառավարության կողմից հակակառավարական բողոքները ճնշելը եւ Սիրիայի շուրջ լարվածության ավելացումը:
Այս տարվա մայիսին Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի վարկանիշը բարձրացրել էր մինչեւ «ներդրումայինի», իսկ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր այն մասին, որ իր երկիրը կարող է առաջիկայում ներառվել աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում, գրում է The Wall Street Journal-ը:
Սակայն մայիսի կեսերից Թուրքիայի ֆոնդային շուկան արժեզրկվել է 1/3-ով, լիրան ռեկորդային արժեզրկման է ենթարկվել, իսկ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կրկնակի անգամ ավելացել է՝ մինչեւ 10 տոկոս: Թուրքական կենտրոնական բանկը իր պահուստների ավելի քան 15 տոկոսը ծախսել է ազգային դրամի արժեզրկումը դադարեցնելու համար, սակայն դրան չի հասել՝ օտարերկրյա կապիտալի արտահոսքի պատճառով, որը կազմում է միլիարդավոր ԱՄՆ դոլարներ:




























