Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության վարչությունը տուրիստական երթուղի է մշակում Շահումյանի շրջանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել  ԼՂՀ կառավարությանը կից Զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով այժմ մշակվում է երթուղու նախագիծը, ընտրվում են բնակեցման վայրերի շինարարության համար տեղեր: Այդ աշխատանքները կտարվեն ԼՂՀ-ից Հայաստան տանող Քարվաճառ-Վարդենիս հյուսիսային ավտոմայրուղու վերակառուցման աշխատանքներին զուգահեռ:

«Առայժմ բարդ է անվանել մեր հյուսիսային երթուղու հիմնական կենտրոնները, սակայն ամեն դեպքում, հիմնական կետ լինելու է Դադիվանք վանական համալիրը»,- հայտարարել է Ս. Շահվերդյանը:

Շարունակում են աշխատանքներ տարվել Հարավային միջանցքում, որը տանում է դեպի Մարտունու եւ Հադրութի շրջաններ: «Մենք գրեթե ավարտել ենք Սխտորաշեն գյուղում 2 հազարամյա թզենու շրջակայքի բարեկարգումը եւ Տող գյուղի մելիքյան պալատի վերակառուցման առաջին փուլը: Իրենց բաժին աշխատանքն են կատարել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մաքրելով տարածքն ու տեղադրելով աղբարկղեր»,- նշել է Ս. Շահվերդյանը:

Այդ ուղու վրա է գտնվում նաեւ հայտնի «Հունոտի կիրճ» արգելոցը, որի մուտքի մոտ զբոսաշրջության վարչության կողմից կտեղակայվի զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն: