Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հոր՝  ինքնասպանության փորձ կատարած 65-ամյա Արտուշ Մարգարյանի վիճակն այժմ փոքր-ինչ ավելի լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հիվանդի մոտ գիտակցության ավելի պարզեցում է նկատվում, ավելի ադեկվատ վարք: Նա դեռ չի խոսում, միայն առանձին բառեր է ասում, քանի որ իշեմիկ ինսուլտի պատճառով խոսքը խանգարված է: Արտուշ Մարգարյանի աջ ոտքը դեռ թույլ է, աջ ձեռքը չի աշխատում: Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ` նա հավանաբար մեկ շաբաթից Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի այլ բաժանմունք:  Իսկ ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում, նշանակված են մի շարք փորձաքննություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ վիրահատել:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան իսկույն ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: