Հազիվ էր հասարակությունը համակերպվել մոսկովյան գույժի հետ (Մաքսային միությանն անդամակցելու ցանկության առումով-խմբ), ՀՀ վարչապետը Պեկինում հայտարարեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՕՍ) միանալու մասին: «Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտությո՞ւն է: Ուր գնում եք, այդ միությանը միանում եք»,- ԱԺ-ում հռետորական հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը հակասում է ՀՀ կառավարության ծրագրերին, քանի որ այնտեղ միայն նշում կա ԱՊՀ-ին ու Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու մասին, իսկ Մաքսային միության վերաբերյալ ոչ մի բան չկա: Ըստ Ալ. Արզումանյանի՝ կամ կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի, կամ հրաժարական:

ՀՀ արտգործնախարար Էդուարդ նալբանդյանը պատասխանեց, որ Հայաստանը չի անդամակցելու ՇՕՍ-ին, այլ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ:

Ինչ վերաբերում է մաքսային միությանն անդամագրվելու սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, ապա Է. Նալբանդյանն ասաց, որ երբ ներկայացվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր Մաքսային միությանը միանալու ֆորմատը: Մասնագետները, քաղաքագետներն ու փորձագետները, ըստ Է. Նալբանդյանի, եկան այն եզրակացության, որ անդամակցումը Մաքսային միությանը հնարավոր է, թեեւ նախկինում խոսվում էր նաեւ խոչընդոտների մասին: