Լեհաստանի փոխարտգործնախարար Կատաժինա Պելչինսկա-Նալենչը Վաշինգտոնում կայացած մի շարք խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ մասնակցի Արեւելյան Եվրոպայի քաղաքականության զարգացմանը, հատկապես` սատարի «Արեւելյան գործընկերության» քաղաքականությանը, հայտնում է լեհական «Warsaw Business Journal» կայքը:

Վաշինգթոնում Լեհաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի եւ Կոնգրեսի անդամների հետ:

«Մենք ամերիկացիներին եւ Վաշինգթոնին կոչ ենք անում ավելի մեծ քաղաքական կամք եւ աշխուժություն ցուցաբերել ոչ միայն խոսքերով, այլեւ դիտարկել ավելի բարձր մակարդակով մի շարք այցեր կատարելու հնարավորությունը ԵՄ-ի արեւելյան հարեւանների երկրներ` Վիլնյուսում  «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի նախօրեին»,- հայտնել է Կատաժինա Պելչինսկա -Նալենչը:

Ըստ նրա` չնայած Սիրիային վերաբերող հարցերին եւ Ամերիկայի ունեցած շատ այլ խնդիրների, «Արեւելյան գործընկերությանը» վերաբերող հարցը նույնպես արժանի է ուշադրության: «Եթե գործընկերությունը հաջող ավարտվի, ապա դա կլինի ոչ միայն Լեհաստանի եւ Եվրոպայի, այլեւ ԱՄՆ-ի հաջողությունը, քանի որ ԱՄՆ-ն երկար տարիներ նույնպես ներդրումներ է կատարել այդ տարածաշրջանում»,- հավելել է նա:

Լեհաստանի արտգործնախարարի տեղակալը կոչ է արել ԱՄՆ-ի նեկայացուցիչներին ակտիվ մասնակցել Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որը տեղի կունենա Վիլնյուսում` նոյեմբերի 25-ին: Տվյալ դեպքում ԱՄՆ-ի դերը շատ կարեւոր է, քանի որ նա պետք է որոշում կայացնի վեց արեւելյան երկրների ապագա ինտեգրման վերաբերյալ: Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանն արդեն կարող են ԵՄ-ի հետ ստորագրել  ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու պայմանագիր:

Սպասվում էր, որ Հայաստանն էլ պետք է ստորագրեր այդ համաձայնագիրը, սակայն երկիրը վճռել է անդամակցել Մաքսային միությանը, որն ընդգրկում է Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը: