Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որեւէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է միջազգային տեսակետին: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան, թե ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրեւ թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի եւ դրա կարգավորման գործընթացի էությունը։
«Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որեւէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաեւ ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին։
Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որեւէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս հասցնել բանակցային գործընթացին»,- նշել է Տիգրան Բալայանը:




























