Սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնի ՌԾՈՒ  կայանում կատարված հրաձգության հետեւանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում նաեւ` հրաձիգը, ութ մարդ էլ վիրավորվել է: Կրակողը ԱՄՆ-ի ՌԾՈՒ ռեզերվում գտնվող զինծառայող 34-ամյա աֆրոամերիկացի Աարոն Ալեքսիսն է եղել, որն աշխատում էր IT-բնագավառում:

Ըստ ոստիկանության` Աարոն Ալեքսիսը միայնակ է գործել, թեեւ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործները երեքն են: «Քննության տվյալ փուլում ոչ մի ապացույց չկա հրաձիգի հանցակիցների գոյության մասին, թեեւ այդ վարկածը  չի բացառվում», - հայտնել է Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը:

Աարոն Ալեքսիսը 2007-2011թթ. ԱՄՆ-ի ՌԾՈՒ  ռեզերվում էր,  այնուհետեւ աշխատել է  ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության համար աշխատող Hewlett-Packard համակարգչային ընկերության մասնաճյուղում: Նա ուներ կայանի մուտքի եւ գաղտնի տեղեկությանը հասանելիության իրավունք:  Նման փաստաթղթերով մարդիկ լուրջ ստուգում են անցնում, նշում է ՆՏՎ-ն: Նաեւ պարզվել է, որ Ալեքսիսը բուդդայական տաճար է այցելել, ընկերների եւ ծանոթների շրջանում նա հանգիստ եւ բարի մարդու համբավ է ունեցել: Միաժամանակ, ամերիկացի լրագրողները պարզել են, որ Ալեքսիսը հոգեկան տրավմա էր ստացել սեպտեմբերի 11-ի իրադարձություններին ականատես լինելուց հետո: 

Քննությունն Ալեքսիսի արարքի դրդապատճառների ոչ մի վարկած դեռ չի ներկայացնում: Ընդ որում, հայտնի է, որ նավատորմից նա հեռացվել էր անփութության համար, իսկ մի քանի տարի առաջ կալանավորվել էր` զենքը պահելու օրենքը խախտելու համար, հայտնում է lenta.ru-ն:

Բացի այդ, պարզվել են նաեւ կրակոցների այլ մանրամասներ: Քննությանը մոտ աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Ալեքսիսը զինված է եղել AR-15 կիսաավտոմատ հրացանով, երկփող հրացանով եւ ատրճանակով:

Վաշինգտոնում զոհվածների հիշատակի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամայել է մինչեւ սեպտեմբերի 20-ը իջեցնել դրոշները դաշնային պետհաստատությունների բոլոր շենքերում` ներառյալ Սպիտակ տունը եւ Կոնգրեսը:

ԱՄՆ-ի ՌԾՈՒ  Վաշինգտոնի կենտրոնական կայանում կրակոցներ էին հնչել սեպտեմբերի 16-ի առավոտյան: Սկզբում հաղորդվել էր մի քանի հրաձիգների մասին, որոնցից մեկը սպանվել էր ոստիկանների կողմից: Ավելի ուշ իրավապահները ճշտել էին, որ հրաձիգը մեկն է եղել, որին հաջողվել է ոչնչացնել:

Կրակոցներ ԱՄՆ-ի ռազմածովային կայանում


ԱՄՆ ՌԾՈՒ կայանում հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել

Վաշինգթոնում հրաձգության զոհերի թիվը հասել է ութի