Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂ հիմնախնդրի եւ ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական կարգավորման կողմնակից:
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրել է, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն ապահովելու հարցում:





























