Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ եւ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։
«Հայաստանը, Արեւելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել եւ շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս եւ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաեւ այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ կարեւոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի եւ արդյունքների վրա։
Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։




























