Կոզեռն թաղամասի բնակիչները պահանջելու են վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Այս առնչությամբ նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Կառավարությունը սեպտեմբերի 19-ի իր նիստում մտադիր է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երեւան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով եւ 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:
Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը եւ, վաղը դրա ընդունման պարագայում, դրսեւորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի հրաժարականը»:





























