Քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որով նա մեղադրվում է ընկերոջ հոր սպանությունը կազմակերպելու մեջ, ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

53-ամյա Արսեն Ավետյանին եւ 66-ամյա Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին` Արսեն Ավետյանի հորը: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 49-ամյա Վարուժան Սաֆտալյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել եւ տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել: Վարուժան Սաֆարյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը, իսկ Արսեն Ավետյանինը եւ Արկադի Վարդանյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը:

Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը եւ մյուս երկու մեղադրյալները իրենց մեղքը չեն ընդունել: Նշեց նաեւ, որ իր պաշտպանյալը ֆինանսական խնդիրներ չի ունեցել ու չունի: Ավելին` Իսպանիայում Վիլա ունի եւ իր ընտանիքը այնտեղ է ապրում եւ գործունեություն ծավալում: Գայանե Գալոյանի խոսքով, գործով ընդհանրապես փաստեր չկան, որով կհիմնավորվի, որ նրանք մեղավոր են: Ավելին` Ավետյանի հայրը անգամ այդ հոգեմետ նյութերից չի օգտագործել եւ փորձաքննության էլ չի ենթարկվել:

«Ինչ վերաբերում է, թե Վարուժան Սաֆարյանից հոգեմետ նյութեր են գնել: Նախ` դա մասնակի են գնել: Հետո այդ հոգեմետ նյութը փորձագետի եզրակացությամբ մահ չէր կարող առաջացնել եւ նույնիսկ օրը 6 հաբ կարող էր օգտագործել: Իսկ այս հայտարարությունը, ոչ թե Ավետյանի հայրն է տվել, այլ այլ պայմաններում է գործը հարուցվել: Իսկ Ավետյանի հայրը հայտարարել է, որ ինքը չի հավատում, որ իր տղան նման քայլի կգնար»,-ներկայացրեց փաստաբանը եւ ավելացրեց, որ Արկադի Վարդանյանի համոզմամբ սա քաղաքական պատվեր է եւ դատական նիստի ընթացքում ինքը անձամբ հայտարարությամբ հանդես կգա:

Սեպտեմբերի 24-ին ժամը 13.00-ին նշանակվել է առաջին դատական քննության օրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնին, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: