Facebook սոցցանցում գրառումների ներքեւում Like կոճակի սեղմումը խոսքի ազատության դրսեւորում է եւ պաշտպանված է ամերիկյան Սահմանադրությամբ։ Նման որոշում է կայացրել ԱՄՆ Վճռաբեկ դատարանը։

Դատարանն ուսումնասիրել է Վիրջինիայի բնակչի հայցը, որն աշխատում էր տեղի շերիֆի վարչությունում։ Հայցվորի խոսքով՝ իրեն վռնդել են, քանի որ «հավանել էր» պետի քաղաքական հակառակորդին, թեեւ նա ընդամենն իր խոսքի ազատության իրավունքից էր օգտվել։

«Եթե օգտվողը Like է սեղմում քաղաքական գործչի էջին, նա այդ թեկնածուին հայտնում է իր համակրանքը:  Այսպիսով, դա համարժեք է սեփական այգում նախընտրական քարոզչության փակցնելուն, որը Գերագույն դատարանը խոսքի ազատության առարկա է ճանաչել», - ասված է դատարանի  81 էջանոց եզրակացության մեջ: Այժմ աշխատանքից հեռացված աշխատակցի գործը կվերանայվի վերոհիշյալ դատարանում, հայտնում է lenta.ru-ն:

ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխությունն արգելում է ոտնձգությունը խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության դեմ, պետական կրոն հաստատելու փորձերը, ինչպես նաեւ իշխանություններին բողոքներով դիմող քաղաքացիների իրավունքների սահմանափակումները: