Անկախության օրը մեզ համար մի տեսակ կենացների տոն է դարձել, եւ կրկին սեպտեմբերի 21-ին շաբլոն արձանագրային խոսքեր են հնչում այն մասին, որ անկախությունն անբեկանելի արժեք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ չի խոսվում այն մասին, թե ինչ ենք մենք պարտավոր անել, որպեսզի Հայաստանի անկախությունն իրոք դառնա անբեկանելի, որպեսզի անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու մեջ սերմանի այն գիտակցումը, որ ինքն ապրում է անկախ երկրում:

Զոհրաբյանը նշել է, որ յուրաքանչյուր բնակիչ, լինի կառավարության անդամ, պատգամավոր կամ շարքային քաղաքացի, պետք է գիտակցի, որ մենք մեր աշխատանքով կոչված ենք ստեղծելու այնպիսի երկիր, որից հայերը չեն հեռանա:

Հիշեցնենք, Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը: Պետական ինքնիշխանության մասին հռչակագիրն ընդունվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. օգոստոսի 23-ի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին էլ անցկացվել էր Անկախության հանրաքվեն: