Հայաստանի ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին եւ ի թիվս այլոց, քննարկել ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տոնոյանն անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրեւ թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:
Նա նաեւ տեղեկացրել է, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել եւս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:
Ընդգծելով այս փաստերը՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին եւ այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:
Նա նաեւ նշել է, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեեւ հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից եւ այլ ողբերգական հետեւանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվել է, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետեւաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն եւ բազմակողմանիորեն քննարկվեն:





























