Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման եւ կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծվող հանձնաժողովում Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունների կողմից թեկնածություն չներկայացնելու եւ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու փաստը առաջացնում է ափսոսանք եւ տարակուսանք այն պարագայում, երբ նրանց ներկայացուցիչները տեւական ժամանակ նկատելի անհանգստություն էին ցուցաբերում հանձնաժողովի ձեւավորման գործընթացի կապակցությամբ։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նրա հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախ զարմանալի է, որ Երեւանի ավագանու վերը նշված խմբակցությունները հրաժարվում են մասնակից լինել մի հանձնաժողովի աշխատանքներին, որը նպատակ ունի ապահովել թափանցիկ գործունեություն եւ որի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ու ընտրել այն չափորոշիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության ակնկալիքները հասարակական տրանսպորտի սպասարկման որակի եւ բնակչության անվտանգության հետ կապված, եւ այդ չափորոշիչների շրջանակում էլ քննարկել ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման հաշվարկները։ Բացի այդ, ուսումնասիրել նաեւ արտոնությունների համակարգի ներդրման հնարավորությունները եւ դրա հնարավոր ազդեցությունը սակագնի ձեւավորման վրա՝ արդյունքում ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։

Այս պարագայում Երեւանի ավագանին ներկայացնող երեք խմբակցություններից երկուսի հրաժարվելը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, կամա թե ակամա, ենթադրում է պատասխանատվությունից խուսափելու պարզ քաղաքականություն, որը միգուցե իր ենթատեքստում թվացյալ դիվիդենտների ակնկալիք ունի, ինչը սակայն կոնկրետ խնդրի լուծման եւ բնակչությանը հուզող հարցի թափանցիկ քննարկմանը որեւէ կերպ չի կարող օժանդակել։

Հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները էլ ավելի տարակուսանք են առաջացնում, քանի որ դրանք որեւէ կերպ չեն առնչվում հանձնաժողովի ձեւավորման նպատակներին եւ առաքելությանը։

Միաժամանակ արձանագրենք, որ Երեւանի քաղաքապետարանը՝ իր հայտարարությամբ, հանձնաժողովի աշխատանքներին հրավիրել է մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, եւ որեւէ քանակային սահմանափակում կամ չափորոշիչ չի դրել, որով էլ փորձել է առավել թափանցիկ դարձնել մասնակցության մեխանիզմը։

Իհարկե, ցանկալի կլիներ խմբակցություններում ընդգրկված ավագանու անդամների մարդասիրական եւ մասնագիտական կարողությունները օգտագործել ոչ թե տվյալ հանձնաժողովի աշխատանքներին հետեւելու, այլ գործնական մասնակցություն ունենալու համար, սակայն մասնակցելու ձեւաչափի որոշման ընդունումը խմբակցությունների իրավունքն է, եւ մեզ մնում է միայն հայտնել մեր անկեղծ զարմանքն ու ափսոսանքը»: