Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել է Քալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց եւ անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները Քալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ¬ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության եւ ազատության մասին ընդհանուր պատկերացումները: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարեւոր ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման գործում եւ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ nախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա եւ նոր հեռանկարներ կբացի Հայաստանի եւ Քալիֆորնիայի միջեւ հարաբերություններում, ինչը, անկասկած, նաեւ լավ նախադրյալներ կստեղծի Հայաստան-ԱՄՆ կապերի խորացման համար:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Քալիֆորնիայի ազդեցիկ եւ ստվար հայ համայնքի դերն ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Քալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային եւ տեղական մակարդակներով բանաձեւեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ խստորեն դատապարտել այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ nախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:
Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ պատվիրակության անդամների այցը ԼՂՀ, որը թույլ կտա տեղում ծանոթանալու եւ հետագայում նաեւ այլոց ծանոթացնելու այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի եւ հյուրընկալ լինելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հյուրերի խնդրանքով, նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման առաջիկա ծրագրերը, անդրադարձել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարին:
Ջոն Պերեզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, անկեղծ ու բաց երկխոսության եւ մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հանգամանալից ներկայացնելու համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել հայաստանյան այցի բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ունեցած հանդիպումներից եւ այցելություններից՝ ընդգծելով, որ Քալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին եւ հանձնառու է այսուհետ եւս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը եւ կայունությանը նպաստելու իր ջանքերը՝ զարգացնելով ու ամրապնդելով նաեւ երկկողմ կապերը:




























