SAMSUNG-ի հայաստանյան ներկայացուցչությունը, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ներկայացրեց հարավկորեական SAMSUNG Electronics-ի նոր գլուխգործոցը՝ Galaxy Note 3-ը։ Ընդհանրապես Galaxy Note 3-ի ցուցադրությանը սպասում էր սմարթ սարքերի սիրահարների մի ողջ բանակ։ Առաջին անգամ սարքը ցուցադրվել է երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 5-ին, Բեռլինի IFA 2013 ցուցահանդեսում, որտեղ, ըստ հարցումների, ամենասպասված սարքն էր համարվել։
Հայաստանում Note 3-ի նկատմամբ հետաքրքրությունը պակաս չէ, հատկապես որ SAMSUNG հայաստանյան ներկայացուցչությունը սեպտեմբերի 19-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը ակցիա է կազմակերպել։ «Samsung Electronics ընկերությունը սկսում է նոր` «Samsung Galaxy Note 3 + Gear» տասնօրյա ակցիան: Սեպտեմբերի 19-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը յուրաքանչյուր ոք, ով կկատարի Samsung Galaxy Note 3 սմարթֆոնի նախնական պատվեր, «Samsung Electronics» ընկերության կողմից կստանա նվեր S View Cover պատյան, ինչպես նաեւ հնարավորություն ձեռք բերել Samsung Galaxy Gear Smart ժամացույցը 50 տոկոս զեղչով»,- հրավիրված ասուլիսում տեղեկացրեց SAMSUNG Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը։
Նոր Galaxy Note-ը մի քանի «առավելություններ» է ձեռք բերել նախորդ սերունդի նկատմամբ։ Ընդհանրապես 5 դյույմանոց էկրաններով սմարթ սարքերի «ծնողական իրավունքը» պատկանում է SAMSUNG-ին։
Galaxy Note 3-ի դեպքում տեսնում ենք, որ SAMSUNG-ի մասնագետները միտված են էլ ավելի մեծացնել էկրանը։ Այսպիսով՝ Galaxy Note 3-ի էկրանը այժմ 5,7 դյույմ է, իր նախորդ՝ Note 2-ի 5,5-ի փոխարեն։ Չնայած այս հանգամանքին, Note 3-ը երկարել է ընդամենը 1 մմ-ով, այսինքն՝ չափը գրեթե չի փոխվել։ Note 3-ը նաեւ ավելի բարակ է դարձել։ Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ սարքը SAMSUNG-ի մասնագետները բարակացրել են ավելի քան 1 մմ-ով, ապա պետք է, ըստ արժանվույն գնահատել հարավկորացիների՝ մարտկոցների աշխատանքի ժամը երկարացնելու ջանքերը։ Galaxy Note 3-ի լիցքավորված մարտկոցի աշխատանքը գնահատվում է 3200 մԱժ, Galaxy Note 2-ի 3100 մԱժ դիմաց։ Ըստ էության, տարբերությունը շատ չէ, բայց նման բարակության դեպքում, մասնագետները երեւի թե մարտկոցից ամեն ինչ արդեն «քամել են», որովհետեւ դեռեւս հայտնի չէ այնպիսի տեխնոլոգիա, որ բարակ մարտկոցներն ավելի երկար պահեն լիցքը։ Եվ պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ ընկերությունը սարքը արտադրելիս հաշվի են առնում սպառողների կարծիքը, եւ նրանք ամենայն հավանականությամբ նախապատվություն են տվել «կրեատիվ նրբությանը»։
Galaxy Note 3-ի զանգվածը 168 գրամ, նախորդի՝ 183-ի փոխարեն։ Զգալիորեն բարելավել է S գրիչի ֆունկցիոնալությունը։ Այս եւ այլ առավելություններից բացի, Galaxy Note 3-ը սմարթ սարքերի համաշխարհային շուկայում առանձնանում է 2 հատ 4 միջուկանոց պրոցեսորով եւ 3 ԳԲ օպերացիոն հիշողությամբ։ Պետք է խոստովանել, որ Հայաստանում շատերի բնակարանների համակարգիչները զիջում են «փոքրիկ» սմարթ սարքին այս ցուցանիշով։
Samsung Galaxy Note 3-ի ցուցադրությունը սպասված էր, որովհետեւ հարավկորեացիները սպառողին նոր՝ սուպերժամացույց էին խոսք տվել, որը ունակ կլինի նաեւ զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել եւ ստանալ։ Այսօր Հայաստանում ներկայացվեց նաեւ «խելացի» ժամացույցը՝ GALAXY Gear-ը։ Ժամացույցն ունի 1,63 դյույմանի Super AMOLED մոնիտոր, իսկ մարտկոցը առավելագույնն աշխատում է 25 ժամ։ Նշենք, որ սմարթ ժամացույցի ֆունկցիաները լավ աշխատացնելու դեպքում՝ մարտկոցը 10 ժամից հետո «մարում» է, սակայն սմարթ սարքերի սիրահարների համար սա երեւի անհանգստացնող հանգամանք չի դառնա։ Հատկանշական է, որ GALAXY Gear-ով SAMSUNG Electronics-ի նոր շուկա է մտնում, եւ դեռ հասկանալի չէ, թե «հոսանքն ուր կտանի SAMSUNG-ի նավը», բայց ամեն դեպքում, այս ամենում կա նաեւ խորհուրդ, քանի որ մոբիլ հեռախոսների տարածման արդյունքում մարդիկ գրեթե հրաժարվել են ժամացույց կրելուց, իսկ այժմ այն փորձում են վերադարձնել մեկ այլ սմարթ սարքի տեսքով։

































