Ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն՝ արձագանքելով Փակ շուկայի խնդրին: Նա նաեւ նշեց, որ իրեն դժվար կլինի միանշանակ գնահատական տալ իրավիճակին:

«Ավելին` պետք է հիշեցնեմ, որ մեր օրենսդրության մեջ կան ոչ միայն այն մեխանիզմները, որոնք վերաբերում են կանոնակարգմանը, այլ կան նաեւ բավականին կոշտ պատիժներ»,- նշեց Դավիթ Հարությունանը եւ հիշեցրեց, որ այդ հարցադրումները  հանգիստ կարող են լինել ուսումնասիրման առարկա:

«Եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում է քրեական օրենսգրքի 315 1, 2-րդ մասերին»,- մեջբերեց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունն իրականացնող կազմակերպությանն է վերաբերում եւ այն անձանց, որոնք պարտավոր էին հետեւել շինարարությանը:

Հարցին, թե իրավական տիրույթում հնարավո՞ր է հասնել հաջողության, եթե շինարարության մեծ մասն արդեն իրականացվել է, նա պատասխանեց. «Խորապես համոզված եմ եւ լավ իմանալով  օրենսդրությունը, կարող եմ ասել օրենսդրական հնարավորություններ միշտ կան»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am