Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները՝ Երեւանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման եւ քննարկման հետ կապված ձեւավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ, եւս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը եւ պատեհապաշտ վերաբերմունքը երեւանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։ Նման հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:
«Երեւանցու վստահության քվեն ստանալիս մենք բոլորս էլ պատրաստակամություն ենք հայտնել հետամուտ լինել Երեւանի եւ երեւանցու խնդիրների լուծմանը ու պատասխանատվություն ենք ստանձնել կառուցողական մոտեցումներով, ինչու չէ, նաեւ համատեղ ջանքերով հնարավոր լուծման ուղիներ գտնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի հետ կապված: Ինչ խոսք, հնարավոր է ներկայացնել բազմաթիվ պատճառներ ցանկացած ձեւաչափում մասնակցությունից խուսափելու համար, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում ներկայացրած պատճառները ավելի քան հիմնազուրկ են եւ ակնհայտ հետապնդում են պոպուլիստական նպատակներ: Երեւանի քաղաքապետարանը առաջարկում է ընդամենը թափանցիկ գործունեություն, որի աշխատանքը եւ արդյունքները օբյեկտիվորեն կներկայացվեն հանրությանը»,-ասված է նրա հայտարարության մեջ:





























