ՄԻՊ աշխատակազմը կքննարկի վարչական տուգանքի համաչափության հարցով ՍԴ դիմելու հարցը:
Հայաստանի հանրապետության օրենսդրության գործող կարգավորումների արդյունքում, երբ անձինք պայմանագիր են կնքում աշխատանքների, ծառայությունների եւ այլ գործողությունների կատարման համար, սակայն դրամական (փողային) վճարումները իրականացնում են արտարժույթով՝ առաջանում է տուգանքի նշանակում` խախտման գումարի ամբողջ չափով:
Խնդրի կապակցությամբ տարբեր փաստաբանների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ վերոնշյալ պահանջի չկատարման դեպքում նշանակվող տուգանքի չափի իրավաչափության վերաբերյալ:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Պաշտպանի գրասենյակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նշված կարգավորման վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին՝ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ, փաստաբանների պալատի անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի մասնագետ-իրավաբաններ:
Պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը եւ նույն վարչության մասնագետ Սամվել Յուզբաշյանը ներկայացրեցին խնդրի վերաբերյալ իրականացված հետազոտությունները: Մասնավորապես այն, որ Օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված հնարավոր մեծ տուգանքները հատկապես խնդրահարույց են պատասխանատվության համաչափության տեսանկյունից: Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, իր մի շարք որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ այն պետք է որոշվի, հաշվի առնելով, թե արդյոք ընտրված պատասխանատվության միջոցը համաչափ եւ անհրաժեշտ է հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, թե՝ ոչ: Անդրադարձ եղավ նաեւ նույն խնդրի մեկ այլ կողմի՝ այն է իրավական որոշակիության բացակայությանը, քանի որ իրավական նորմերը պետք է ձեւակերպված լինեն հստակ եւ մատչելի:
Քննարկման մասնակից փաստաբանները եւ ոլորտի մասնագետները, համաձայնվելով Պաշտպանի աշխատակազմի դիրքորոշման հետ, առաջարկեցին, որպեսզի քննարկվի նշված խնդրի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը, հաշվի առնելով, որ գործնականում նշված հոդվածով սահմանված տուգանքի կիրառումը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսվարող սուբյեկտների գործունության համար:
Պաշտպանի աշխատակազմը մոտ ապագայում կքննարկի խնդրի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցը:





























