Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս գտնվող սուննիական մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ, փոխանցում է AFP-ն:
Ահաբեկչությունը հիմնականում սուննիներով բնակեցված Սամարրա քաղաքում է տեղի ունեցել, որը գտնվում է Բաղդադից 110 կմ դեպի հյուսիս: Պայթյունի պահին մզկիթը լեփ-լեցուն էր ուրբաթօրյա աղոթքին մասնակցող հավատացյալներով: Եվս մի քանի պայթյուն է որոտացել Սամարրայի մոտակայքի մզկիթում: Պայթյուններից 15 մարդ է տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին ժամանակներս երկրում նկատվող լարվածության աճը կապված է խոշոր մահմեդական համայնքների՝ շիաների եւ սունիների միջեւ հակասության հետ: Սադամ Հուսեյինի կառավարման շրջանում սուննիները գերակա դիրք էին գրավում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի ներխուժումից եւ Հուսեյնի տապալումից հետո շիաները ճնշում են սուննիներին: Նրանք մի շարք կարեւոր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում, որոնցից ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:





























