Կոպենհագենի Օդդ Ֆելլոու պալատի Ասպետների սրահում, սեպտեմբերի 19-ին, անցկացվել է տոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի առիթով: Ընդունելությանը  մասնակցել են Դանիայի  Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու, ինչպես նաեւ հայ համայնքի  ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունից առաջ հրավիրյալները ներկա են եղել «Չբացահայտված գանձեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել էր Կոպենհագենի  Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսո հայտնի պատկերասրահը եւ AmStream հասարակական կազմակերպությունը` ՀՀ դեսպանության աջակցությամբ: Սկանդինավիայում առաջին անգամ այս ցուցահանդեսում ներկայացվել են հայ մեծանուն, ինչպես նաեւ ժամանակակից տաղանդաշատ նկարիչներ Արշիլ Գորկիի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Լեւոն Թութունջյանի, Ռուբեն Աբովյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Գայանե Խաչատրյանի, Վահրամի, Տիգրան Ասատրյանի, Զոհրաբ Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Այվազ Ավոյանի կտվաները, որոնք ցուցադրության համար տրամադրվել էին «Hi-artonline» եւ «Noah's Ark Art Gallery»   պատկերասրահների կողմից:

Բազմամարդ ցուցահանդեսում ողջույնի խոսքով հանդես է եկել պատկերասրահի տնօրեն, կոմսուհի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսոն, ով ուրախությամբ նշելով, որ Սկանդինավիայում առաջին անգամ է ներկայացվում հայ արվեստը, ասել է. «Լինելով այս ցուցադրության պատասխանատուն` ես հասա մի նոր փորձառության մակարդակի, որն իմ ներքին աշխարհը հարստացրեց Հայաստանի հինավուրց, հպարտ եւ հիասքանչ մշակույթով: «Չբացահայտված գանձեր» ցուցադրությունը ճանաչողական մեծ նշանակություն կունենա մեզ համար եւ հպարտությամբ կամուրջ կստեղծենք հայ եւ սկանդինավյան մշակույթների միջեւ»:

 «Amstream» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Դինունցը, շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակցողներին, նշել է, որ այն հպարտություն եւ մեծ ուրախություն պարգեւել Դանիայում ապրող հայրենակիցներին:

«Չբացահայտված գանձեր» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 8-ը: