Ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի վերամշակմամբ զբաղվող կոնսորցիումը ադրբեջանական գազի վաճառքի պայմանագրեր է ստորագրել եվրոպական երկրների հետ:
Ստորագրված պայմանագրերը նախատեսված են 25 տարվա համար:
Գազի գնման մասին պայմանագրերը ստորագրվել են Բաքվում՝ Shell, Bulgar gas, DEPA, Gas Natural Fenosa, EON, Gaz de France, Hera, Enel, Axpo ընկերությունների հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Եվրոպական 15 տարբեր գնորդների կողմից գազի վաճառքի մասին առաջարկները կրկնակի գերազանցել են առկա գազի ծավալները: Դրանցից մի մասը ընդունվել են: Գազի վաճառքի մասին համաձայնագրերը «Շահ Դենիզ 2»-ի արդյունահանման վերաբերյալ վերջնական ներդրումային որոշում են պահանջում, որի կայացումը նախատեսված է տարեվերջին: Ներդրումային վերջնական որոշումից հետո սպասվում է, որ առաջինը գազ կմատակարարվի Թուրքիա՝ 2018, եւ հետո Եվրոպա՝ 2019 թվականներին:
Գազը, որը արդյունահանվելու է «Շահ-Դենիզ-2» նախագծի շրջանակներում, Տրանսադրիատիկ խողովակաշարի հիմնական աղբյուրն է, որը հունիսի վերջին ընտրվել է որպես ադրբեջանական գազը եվրոպական շուկա տեղափոխելու հիմնական ուղի:
Այդ նախագիծը կոչված է գազը Կասպյան տարածաշրջանից Հունաստանի, Ալբանիայի միջոցով եւ Ադրիատիկ ծովով Իտալիայի հարավ, ապա՝ Արեւմտյան Եվրոպա հասցնելու:
TAP խողովակաշարի նախնական հզորությունը կազմել է տարեկան 10 մլրդ ք/մ՝ մինչեւ 20 մլրդ ք/մ ընլայնման հնարավորությամբ:
TAP բաժնետերերն են՝ BP (20%), SOCAR (20%), Statoil (20%), Fluxys (16 %), Total (10 %), E.ON (9%) и Axpo (5%):
Սպասվում է, որ TAP շինարարությունը կմեկնարկի 2015-ին:
«Շահ Դենիզ» հանքավայրի գազի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն ք/մ:




























