Անցյալ տարի Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգեւոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգին թույլ չտվեց, որ Ազիզ Թամոյանը ներկա լինի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բացված եզդիների սրբատեղի բացմանը, հիմա ինչի է իրեն մեյդան գցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի նախագահ Ամո Շարոյանը:

Նա փոխանցեց, որ իրենց ՀԿ-ն Ազիզ Թամոյանի հետ կապ չունի եւ իրենց միջոցառումները նրանից անկախ են կազմակերպվում: Ամո Շարոյանը տեղեկացրեց, որ քանի որ իրենց հոգեւոր առաջնորդը առողջական խնդիրներ ունի, այս տարի Հայաստան է ժամանելու նրա որդին Հասամ Բեկը:

«Սեպտեբերի 27-ին նա հովապետական այցով  ժամանելու է Հայաստան, սեպտեմբերի 28-ին ժամը 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում կունենա եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 29-ին ժամ 12-ին Ակնալիճ գյուղում բացված եզդիների սրբատեղիում կազմակերպվելիք արարողությանը»,- ասաց Ամո Շամոյանը եւ ավելացրեց, որ իրենք  Իրաքում ունենք Լալշա Հուրանի սրբատեղի, իսկ Հայաստանում դրա կրկնօրինակն է կառուցվել: «Մենք Հայաստանում սրբատեղի չունեինք: Դա առաջինն է եւ խորհրդանիշը ժողովրդի հավաքական ուժն է եւ, որ ժողովուրդը այնտեղ տարբեր հոգեւոր տոնակատարություններ եւ մատաղներ կկատարեն»,- նշեց ՀԿ նախագահը՝ հավելելով, որ  նախորդ տարի իրենց առաջնորդին ընդունել է նախագահը, վարչապետը եւ այլ պաշտոնատար անձիք:

Նա ասաց, որ հիմա դեռ պարզ չէ, թե ով կնդունի. սպասում են ԱԳՆ պատասխանին:

Ավելի վաղ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանում ապրող բոլոր եզդիներին կոչ էր արել սեպտեմբերի 29-ին հավաքվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիների սրբատեղիի մոտ եւ մեղքերի թողություն անել: