Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունում, սեպտեմբերի 19-ին, Աբու Դաբիի, Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվել է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի օրհներգին հաջորդել են Տերունական Աղոթքը եւ ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:

Օրվա պատգամով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:

Այնուհետեւ իր մաղթանքն է փոխանցել Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:

Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն: