Հայաստան հրավիրված նվիրատուների մեծ խումբը նախատեսում է միջոցներ հատկացնել բնապահպանական խնդիրները լուծելու համար: Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Երեւանում մասնակցել է Կովկասի բնության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրված նվիրատուների խմբի հյուրընկալման արարողությունը: Խմբում ընդգրկված են շուրջ 20 անհատներ՝ նախկին եւ ներկա գործարարներ, դիվանագետներ եւ բարեգործներ:

Այցի նպատակն է նվիրատուներին ներկայացնել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը եւ խթանել մասնավոր նվիրատվությունները՝ հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերի համար:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  հյուրերին ներկայացրել է ՀՀ կենդանական եւ բուսական աշխարհի բազմազանությունը՝ հատկանշական  համարելով, որ հանրապետության փոքր տարածքի վրա կա 3500 բուսատեսակ  եւ 17500 կենդանատեսակ /500 ողնաշարավոր/:   Ներկայացնելով հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ պետության կատարած աշխատանքները ՝ նախարարը ընդգծել է, որ միայն վերջին մի քանի տարում ստեղծվել է երկու ազգային պարկ եւ երեք արգելոց: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը, ինչն առարկայական է եւ դրա արդյունքում ներդրումները Հայաստանի բնապահպանական ոլորտում ամեն տարի կրկնապատկվում են: «Համոզված եմ, որ  այս գործընթացն շարունակական է լինելու եւ ներդրումների շրջանակները կմեծանան: ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում այս նախաձեռնությունը: Մենք նաեւ ուրախ ենք, որ մեր թիմը մեծանում է: Մեծ պատասխանատվությամբ եւ պատրաստակամությամբ ենք համակված՝ շարունակելու մեր աշխատանքները եւ համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռնությունները կհաջողեն»,- հայտարարել է Արամ Հարությունյանը:  Խոսքի վերջում ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրենց ներկայությամբ եւ համեստ ներդրումներով պատվել են Հայաստանը:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը եւ Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնը: