Ամուսնական կյանքի 9 տարիների ընթացքում ամուսնու եւ սկեսրոջ կողմից բռնության ենթարկված Արմինեն (անունը փոխված է) երեխաների հետ կապրի կացարանում: Նա 9 տարի շարունակ հանդուրժում էր ամուսնու եւ սկեսրոջ կողմից իր նկատմամբ գործադրվող բռնությունն ու ամենօրյա ճնշումները, իսկ 7-ամյա դուստրն ու 6-ամյա որդին ամեն օր այդ ամենի ականատեսն էին դառնում: Նա նույնիսկ չէր կարողանում հատուկ խնամքի կարիք ունեցող իր դստերը տանել համապատասխան կրթական հաստատություն, քանի որ ընտանիքը չէր ցանկանում, որ շրջապատում իմանային այդ մասին:
Մի օր, այլեւս չհանդուրժելով ծեծն ու վիրավորանքը, Արմինեն գիշերով փախել է տանից՝ այնտեղ թողնելով իր երկու անչափահաս երեխաներին: Հասնելով Երեւան նա գնացել է հիվանդանոց, որտեղից էլ հանցագործության մասին անմիջապես հաղորդում են տվել ոստիկանությանը, իսկ կնոջն ուղղորդել «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ: Հասարակական կազմակերպությունը, մտահոգված լինելով նախատեսվող դատաբժշկական փորձաքննության անաչառությամբ, դիմել էր Օմբուդսմենին, ում միջամտությամբ էլ ապահովվել է դատաբժշկական փորձաքննության արդար ընթացքը:
Օրերս «Կանանց աջակցման կենտրոնից» կրկին խնդրել էին Պաշտպանի միջնորդությունը, այս անգամ համայնքի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի կողմից անգործություն դրսեւորելու հետ կապված, քանի որ ամուսնու մոտ մնացած անչափահաս երեխաներին տեսնելու համար նրանց կողմից տնայցեր չէին իրականացվում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Արմինեին: Վերջինիս եւ մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետի ակտիվ մասնակցությամբ Արմինեն կարողացավ կապ հաստատել իր երեխաների հետ:
Այժմ դուստրն արդեն մոր մոտ է եւ հաճախում է հատուկ դպրոց: Նրանք միասին բնակվում են Կանանց աջակցման կենտրոնի կացարանում, իսկ շուտով իրենց կմիանա նաեւ որդին: Արմինեն այսօր արդեն մասնակցում է համակարգչային եւ այլ դասընթացների, ինչպես նաեւ հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:
Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ Մարզպետարանի աջակցությամբ կինը ձեռք է բերել նաեւ երեխաների ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքները՝ երեխաների խնամակալության հարցով դատարան դիմելու համար:





























