ԱԺ պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հստակ պատասխան չի տվել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակի հարցմանը՝ «Դուք կո՞ղմ եք Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, իրենք ստացել են Կարեն Կարապետյանի գրասենյակի պատասխանը, որտեղ կատարվել էր tert.am կայքին Կարեն Կարապետյանի տված հարցազրույցի հղումը, որում նա ասել է. «Իմ խորին համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցումը որեւէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում, առավել եւս՝ խզում: Ի վերջո, Հայաստանը Արեւելյան գործընկերության անդամ է եւ, իմ կարծիքով շարունակելու է ասոցացման եւ երկխոսության գործընթացները՝ հատկապես հասարակական, քաղաքական ոլորտների կատարելագործման ու զարգացման, ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, ինչպես նաեւ արժեհամակարգերի ակտիվ փոխանակության տեսակետից: Մեր երկրի դիրքորոշումը հստակ է, եւ հստակորեն բխում է ՀՀ շահերից, կարծում եմ՝ ԵՄ դիրքորոշումը եւս պետք է շահագրգիռ լինի հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում, իսկ թե ինչ կարծիք ունեն առանձին եվրոպացի փորձագետներ կամ գործիչներ, իրենց իրավունքն է»:





























