Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Այն վարում է ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը (ֆոտոռեպորտաժ) :
Դիմելով հավաքվածներին՝ նա հայտարարել է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության գլխին կախված սպառնալիքի մասին: «Ժառանգության» ղեկավարը կտրուկ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին «փետրվարի 18-ին ընտրությունների արդյունքների կեղծման, հայ-թուրքական ապօրինի արձանագրությունների ստորագրման, ղարաբաղյան կարգավորման մեջ մադրիդյան սկզբունքները ժողովրդի վզին փաթաթելու եւ Մաքսային միությանը միանալու միանձնյա որոշման համար»:
Ընդդիմադիր գործչի խոսքով, Սարգսյանի վերոնշյալ միանձնյա որոշումը դառնալու է մյուս սխալ, ճակատագրական քայլերի յուրօրինակ «վավերացումը»: Հովհաննիսյանը նշել է, թե Ազատության հրապարակում հավաքվել են մարդիկ երկրի տարբեր շրջաններից, որ արտահայտեն իրենց մտահոգությունը Հայաստանում եւ նրա շուրջ անկախության 22-րդ տարեդարձի նախօրեին ստեղծված իրադրության կապակցությամբ: «Սեպտեմբերի 21-ը ոչ միայն տոն է, այլեւ պատասխանատվություն, որը ոչ ոք իրավունք չունի խլել իր ժողովրդից»,- ասել է նա: Հովհաննիսյանն արձանագրել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը 1921թ. թուրք-բոլշեւիկյան հակահայկական դավադրության շարունակությունն է:
Րաֆֆի Հոհվաննիսյանը հավաստիացրել է, որ իր գլխավորած շարժումը շարունակվելու է մինչեւ հաղթանակ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում եւ իրապես ժողովրդավարական Հայաստանի ստեղծում:
Հանրահավաքի մանսակիցներին օրհնել է եկեղեցու սպասավորներից մեկը: Ներկայումս կարճ ելույթներ են ունենում Հովհաննիսյանի կուսակիցները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























