Անկախության 22 տարիները երիտասարդության, եւ երիտասարդությունից դեպի հասունության անցնելու կարեւոր ժամանակահատված են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հավելելով. «Այս 22 տարիների կարեւոր ձեռքբերումներից է Հայաստանի Հանրապետության 22 ամյա այն քաղաքացին, ով իր մեջ կրում է անկախության գաղափարի ամբողջ վեհությունը` երիտասարդ, որի ձեռքերում է լինելու վաղվա Հայաստանի անշեղ ընթացքը»:
Նրա խոսքով՝ 22 տարիների ընթացքում չնայած հաղթահարված շատ փորձությունների, այնուամենայնիվ այսօր էլ կան խնդիրներ, որոնք դեռեւս շուտափույթ լուծման անհրաժեշտություն ունեն: «Չնսեմացնելով անկախության բացառիկ արժեքը պետք է խոստովանենք, որ այսօր մեր պետականության համար կարեւոր խնդիրներ են մնում հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը, սոցիալական արդարության սկզբունքի ապահովումը, երկրում օրինականության եւ պատշաճ իրավակարգի ապահովումը, հասարակության մեջ անկախության` որպես բացարձակ արժեքի գիտակցման էլ ավելի ամրապնդումը»,-ասաց Բիշարյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ այս ամենին հասնելու, մշտապես փոփոխվող եւ զարգացող աշխարհին համահունչ քայլելու միակ ճանապարհը մեր երկրում արմատական բարեփոխումների, պետական-հասարակական կյանքի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: «Եկել է պետականության եւ անկախության երեւութական արժեքը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքում նաեւ նյութականացնելու ժամանակը, այն ժամանակը, երբ ցանկացած հայ եւ հայաստանցի այդ անկախության շունչը կզգա յուրաքանչյուր քայլափոխի` ընտանիքում, փողոցում, աշխատավայրում:
Այսօր մենք ունենք ամենագլխավորը` Հայաստանի անկախ հանրապետությունը: Անցած 22 տարիները եղել են պետականաշինության բարդ եւ դժվարին ժամանակահատված:
Իհարկե, կատարված աշխատանքը դեռեւս ամբողջական չէ: Աներկբա է, որ հասարակական եւ պետական կյանքում իրականացվող բարեփոխումները պետք է շարունակվեն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի ամրապնդվի անկախության` որպես պաշտպանվածության, հուսալիության եւ ազատ ապրելու ներկայի եւ հեռանկարի գաղափարը»,-ասաց նա:





























