Ս.թ. հունիսին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չեղյալ հայտարարեց իր նախկին որոշումներից մեկը (ընդունված 2009 թ.), որով արգելվում էր ադրբեջանական ու թուրքական ծագման բուսական ու կենդանական հումքի ու մթերքի ներկրումը:
Հրամանը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, եղան քննադատություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին պարզաբանում է տարածել, թե ինչու է թույլատրել ադրբեջանական ու թուրքական մթերքների ներկրումը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետեւաբար որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որեւէ առեւտրային սահմանափակում չի կարող կիրառել։ Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով»։
Այնուհետ պարզաբանմա մեջ նշվել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ունի բավարար ներուժ՝ Հայաստան ներկրվող սննդամթերքի անվտանգությունը ստուգելու համար:




























