Ոչ ոք իրավունք չունի աղավաղելու 1991թ Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում մեր պետականության օգտին քվեարկել է 1.2 մլն մարդ: Այս մասին այսօր Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «ինչ հայտարարություններով էլ որ իշխանությունները հանդես գան, նրանք չեն կարողանա ապահովել նույն արդյունքը որեւէ համազգային քվեարկության ժամանակ եւ, հետեւաբար, կասկածի տակ դնել 22-ամյա վաղեմության հանրաքվեի արդյունքները»: Ընդդիմադրի կարծիքով` Մաքսային միությանն անդամակցելը ենթադրում է երկրի ինքնիշխանության մի մասի փոխանցումը վերազգային մարմիններին, իսկ հենց դա սպառնալիք է պետականության համար:

Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը ոչ մի տնտեսական շահ էլ չի ստանա: Միակ բանը, որ տեղի կունենա, կավելանան արտագաղթի տեմպերը: Եվ այդ ժամանակ ոչ մեկ չի լինի, որի համար հարկ լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը: