2011 թվականի օգոստոսի 9-ից ի վեր Տիգրան Առաքելյանը գտնվում է բանտում, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը նույնպես կազատազրկվեն, եթե Վերաքննիչ դատարանը հաստատի առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ մասին Facebook-ի էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Քրեական գործը կառուցված է կեղծ ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Դատարանն անտեսել է Կոնգրեսի ակտիվիստների եւ նրանց փաստաբանի նկատմամբ կատարված ոստիկանական բռնությունները, խախտել է պաշտպանական կողմի իրավունքները, դատավարական կողմերի հավասարության սկզբունքը եւ կայացրել է ակնհայտ անարդար դատավճիռ:
Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» համար 1900 բանաձեւը, Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու` խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունների, ինչպես նաեւ Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերը:
Սեպտեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանը առանց որեւէ հիմնավորման մերժեց Ազգային Ժողովի 9 պատգամավորների, ինչպես նաեւ հարյուրից ավելի հանրաճանաչ եւ հեղինակավոր գիտնականների, մշակույթի գործիչների, բժիշկների, լրատվական միջոցների ղեկավարների եւ լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների դիմումը` Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին:
Այլեւս բոլորին էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ հետեւողական քաղաքական հետապնդման եւ վրեժխնդրության հետ: Տիգրան Առաքելյանի ազատ արձակման` հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների միանգամայն օրինական միջնորդության մերժումը իշխանությունների կողմից ապտակ է հասարակությանը եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հանդես եկան նման միջնորդությամբ: Եթե մենք համարժեք պատասխան չտանք, ապա կարելի է արձանագրել, որ այդ ապտակը հասավ նպատակին: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ մեր հասարակությունը այլեւս երբեք չի հանդուրժի քաղբանտարկյալների գոյությունը երկրում անկախ քաղաքական հայացքներից, եւ որ մենք բոլորս համարում ենք մեզ բանտարկված, եթե երկրում կա գոնե մեկ քաղբանտարկյալ:
Ուստի կոչ եմ անում ստեղծել Տիգրան Առաքելյանի պաշտպանության համազգային կոմիտե: Կոմիտեի անդամ է դառնում ցանկացած ոք, ով ստորագրում է հետեւյալ նախադասությունը.
ՄԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆՐԱՆ:
Ստորագրությունները խնդրում եմ հանձնել Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ կամ կապվել Արմեն Խաչատրյանի հետ 055 403490 համարով: Ստորագրահավաքին միացած քաղաքացիների անունները կհրապարակվեն մամուլում»,- գրել է Զուրաբյանը:





























