Մաքսային միությանն անդամակցելու մասին իշխանությունների հայտարարությունը հակասահմանադրական է: Այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կրկին վստահություն է հայտնել, որ «Պետական հանցագործություն իրականացրած իշխանությունը, որը փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ժամանակ գողացել է ժողովրդի հաղթանակը, պետք է հեռանա հանուն պետության, այլ ոչ թե հակաժողովրդական գործունեություն ծավալի»: Ընդդիմադիրը սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը կոչել է ոչ թե հակաամերիկյան, ոչ թե ռուսամետ, այլ հակահայկական: Հովհաննիսյանն իր կողմնակիցներին հաղորդել է, որ հաջորդ շաբաթ իր թիմը կայցելի Սյունիքի մարզ, որպեսզի աջակցի «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանին: Իսկ հոկտեմբերի 3-ին Հովհաննիսյանը կմիանա ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների հանրահավաքին:
Թե երբ կկայանա «Ժառանգության» հաջորդ հանրահավաքը, չի հաղորդվել: Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքն առանց միջադեպերի է ավարտվել:





























