Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան եւ Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան 22 տարի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ բոլոր տարիներին բարոնուհի Քոքսը եղել է արցախահայության կողքին, այդ թվում՝ ամենաօրհասական պահերին եւ հաճախ վտանգվելով կյանքը, անգնահատելի աջակցություն ցուցաբերել արցախցիներին: «Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր արիությունը, մարդասիրությունը, ազնվությունն ու խաղաղության եւ ազատության պաշտպանության դիրքերում Ձեր հաստատուն կեցվածքը, կարեւորում Ձեր յուրաքանչյուր այցը: Ձեր գործադրած հսկայածավալ ջանքերը մեծ արժեք ունեն նաեւ Ղարաբաղյան պատերազմի տարեգրությունն ամրագրելու տեսանկյունից: Դուք վայելում եք եւ մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել բարոնուհու դերը նաեւ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բարոնուհի Քոքսը Նախագահի հետ խոսել է Արցախ եւ Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից անկրկնելի տպավորությունների մասին եւ ընդգծել, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության եւ նաեւ Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: