Հայաստանի եվրապարտատոմսերը մեծ պահանջարկ ունեին, երբ հինգշաբթի օրը մուտք գործեցին շուկա, հնարավոր է, մասամբ իրենց «Քարդաշյան» պարտատոմսեր մականվան համար: Այդ մասին գրում է CNBC կայքը: «Standard Chartered» բանկի զարգացող շուկաների բաժնի ղեկավար Թիմոթի Էշը սեպտեմբերին պարտատոմսերի տերմիններում ներառել է «Քարդաշյան» բառը՝ այն անվանելով ԱՄՆ-ում հայտնի ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի պատվին, ով հայկական արմատներ ունի: Ուրբաթ Էշը հայտարարել է, որ շուկայում պարտատոմսերի հաջողությունը, հնարավոր է, պայմանավորված է իրենց հայտնի անվանման հետ:
Յոթնամյա պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությանը նպաստել է նաեւ զարգացող շուկաների նկատմամբ հետաքրքրության վերածնունդը, հատկապես ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո, որը հայտարարել էր տնտեսական խթանման միջոցների պահպանման մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանը սեպտեմբերի 19-ին տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, եւ Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:
«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի /FOMC/ հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»-, ասել է ֆինանսների նախարարը:




























