Պակիստանյան ընտանիքներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել. հոր հետ վեճից հետո չորս քույրեր ինքնասպան են եղել, քանի որ հայրը չի կարողացել իրենց օժիտով ապահովել, իսկ առանց դրա իրենք չէին կարողանա ամուսնանալ:

Փենջաբ նահանգից աղքատ ֆերմերը հինգ դուստր ուներ, որոնք տարիներ շարունակ միջոցների բացակայության պատճառով չէին ամուսնանում: Հոր հետ հերթական վեճից հետո կանայք միասին նետվել են ջրանցքը: Ամենափոքրին հաջողվել է փրկել, սակայն մյուս քույրերը մահացել են, հաղորդում է NEWSru.com-ն՝ վկայակոչելով The Daily Star-ին:

Փրկարարները ջրից դուրս են բերել խեղդվողներից երկուսի դիակը, մյուս երկու մարմինները դեռ չեն հայտնաբերվել: Ֆերմերի դուստրերը համապատասխանաբար 45, 43, 38, 35 եւ 21 տարեկան էին: «Մեզ հաջողվել է փրկել փոքր քրոջ՝ Ֆաթիմայի կյանքը, ինչպես նաեւ հայտնաբերել ենք մյուս երկուսի դիակները: Մնացած մարմինների որոնումները դեռ շարունակվում են»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը: