Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են տղամարդու եւ կնոջ, որոնց կասկածում են արբալետից կատարած կրակոցով ադրբեջանցու սպանության մեջ՝ նմանատիպ հանցանքների համար զենքը փորձարկելու նպատակով:

Ադրբեջանցու սպանությունը տեղի էր ունեցել դեռ մեկ տարի առաջ. 2012թ.-ի սեպտեմբերի 13-ին, Նովոուխտոմսկի մայրուղու մուտքից 30 մետր հեռավորության վրա, Մոսկվայի օղակաձեւ մայրուղու 6-րդ կիլոմետրին հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի՝ նետից ստացված միջանցիկ վերքով:

2013թ.-ի սեպտեմբերի 20-ի գիշերը ձերբակալվել է հանցանքի հեղինակը՝ Մոսկվայի շրջանի 33-ամյա բնակչուհին ու  անմիջական կազմակերպիչը՝ Մոսկվայի 41-ամյա բնակիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հետաքննության նախնական տվյալներով, երրորդ անձանց հանդեպ դրամական պարտավորության եւ այն վերադարձնել չցանկանալու պատճառով, տղամարդը որոշել է կազմակերպել իր «վարկատուների» սպանությունը: Այդ նպատակով նա հանցավոր համաձայնության է եկել կնոջ հետ, ձեռք է բերել հանցանքի առարկան՝ ստորջրյա ձկնորսության համար նախատեսված արբալետը. կինը սրճարանում ծանոթացել է պատահական տղամարդու հետ (Ադրբեջանի 1983թ.-ին ծնված քաղաքացի) եւ ինչ-որ պատրվակով նրան տարել է ջրամբարի մոտ: Այնտեղ հանցակիցը նախապատրաստված ու թփերում պահված զենքից կրակել է զոհի մեջքին: Ստացած վերքից տղամարդը վախճանվել է: