Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը լավ հարաբերություններ ունի թե Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի, թե նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ավելին՝ վերջինիս հետ ակտիվ կապերի մեջ է եւ ցանկանում է նրան բարձր պաշտոնում տեսնել: Ներկայացնում ենք NEWS.am-ի զրույցը Գորիսի քաղաքապետի հետ:

Պարոն Ոսկանյան, ինչպիսին են ձեր հարաբերությունները Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, խնդիրներ չե՞ն առաջացել՝ հաշվի առնելով, որ դուք նախորդ մարզպետի մտերիմներից եք:

Հակառակը, այն խնդիրները, որոնք կան, միասին փորձում ենք լուծենք, ամեն ինչը բարիդրացիական հարաբերությունների վրա է, ոչ մի կոնֆլիկտ չկա:

Նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին տեսե՞լ եք, ուրախացե՞լ եք, որ որդին եւ թիկնապահը ազատ են արձակվել:

Միանշանակ, մի քիչ առաջ զանգեցի պարոն Խաչատրյանին, շնորհավորեցի իր անկախության տոնը, ես ակտիվ կապի մեջ եմ իր հետ:

Իսկ ազատ արձակվելուց հետո գնացել ու տեսե՞լ եք իրեն, որդուն, թիկնապահին, աչքալուսանք տվե՞լ եք:

Անշուշտ, Տիգրանին չեմ տեսել, բայց Զարզանդին տեսել եմ, անձամբ մարզպետին շնորհավորել եմ:

Դեպքից հետո դուք ձեռնպահ էիք մնացել գնահատական տալուց, ասել էիք, թե ձեր կարծիքը կհայտնեք քննությունից հետո: Հիմա, ի՞նչ եք կարծում՝ արդարադատությունը հաղթե՞ց:

Արդարադատությունը միշտ էլ վերեւներն է, հաղթանակում է: Իրավաբանությունը եւ իրավագիտությունը շատ հետաքրքիր տեսություն են, մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք, բայց մենք քիչ բան գիտենք: Դա որոշում է, ես չեմ կարող ասել՝ արդարացի էր, թե ոչ, երեւի արդարացի էր, արդարացի է:

Խուսափում եք ասել՝ արդարացի՞ է, որ Բուդաղյանների թշնամությունը չվաստակեք:

Ոչ, ոչ մեկի թշնամության խնդիր չկա, ես կուզեմ, որ բոլորը ուրախ, երջանիկ լինեն: Այո, ցավալի պահեր եղել են, բայց, խնդրում եմ, այնպես անենք, որ այդ ցավը նորից չկրկնվի,այդ ցավը դեպի լավը գնալու համար, մենք բոլորս պետք է իրար օգնենք:

Իսկ Բուդաղյաններին այցելե՞լ եք որպես քաղաքապետ, որպես գորիսեցի:

Ես դեպքի ժամանակ Բուդաղյանների տուն այցելել եմ, հետո իմ աշխատանքին եմ: Հանդիպել եմ Արայիկ Բուդաղյանի հետ  2-3 անգամ:

Իսկ ի՞նչ վիճակ է Գորիսում, վրեժխնդրության, կրիմինալի մթնոլորտ կա՞:

Ես դա լսում եմ միայն լրատվամիջոցներից:

Քանի որ ակտիվ կապերի մեջ եք Սուրեն Խաչատրյանի հետ, կիմանաք՝ ինքն այժմ ինչո՞վ է զբաղվում, որտե՞ղ է:

Գորիսում էլ է լինում, Երեանում էլ է լինում:

Պաշտոնի՞ն չի վերադառնում:

Մեծ աշխարհ է՝ կարող է վերադառնա, կարող է չվերադառնա, կամ նմանատիպ պաշտոն ստանա, գիտեք, դա ես չեմ որոշում:

Կցանկանա՞ք իրեն նորից մարզպետ տեսնել:

Հարգելիս, մարզպետ արդեն նշանակված է, որպես մարզպետ՝  ինքը ինձ համար շատ լավ մարզպետ էր:

Վահե Հակոբյանից լա՞վն էր:

Գիտեք ինչ, մանկական հարցեր եք տալիս, այդ մեկը մի ասեք էլի, խնդրում եմ:

Իսկ ի՞նչ պաշտոնի կցանկանաք տեսնել Սուրեն Խաչատրյանին՝  պատգամավոր, նախարար, նախագահ:

Կյանքը ցույց կտա, կուզեմ իր պաշտոնը բարձրանա, մարզպետից բարձր, օրինակ՝ գործադիրում: