Ռուսաստանը քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանի իրավասու մարմիններին է փոխանցել սպանության, անձի առեւանգման եւ ավազակության համար հետախուզվող Անդրանիկ Գասպարյանին: 

«Ռոսբալտ»-ին Մոսկվայի դատախազությունից հայտնել են, որ  նա իր երկրի իրավապահների կկողմից հետախուզվում էր ՀՀ ՔՕ  104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ եւ 11-րդ (սպանություն առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, նախնական համաձայնությամբ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  եւ 3-րդ (անձի առեւանգում՝ կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, նախնական համաձայնությամբ, առողջության եւ կյանքի համար վտանգավոր բռնության կիրառմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):

Քննությունը ենթադրում  է, որ 2008թ. հունվարին Գասպարյանն իր համախոհի հետ ավազակային հարձակում է գործել կնոջ վրա, առեւանգել նրան, տիրացել գույքին եւ սպանել:

2012թ. նոյեմբերին միջպետական հետախուզման տակ գտնվող Գասպարյանը ձերբակալվել էր մայրաքաղաքի Հյուսիս-Արեւելյան օկրուգում: 

Մոսկվայի դատախազությունը ՀՀ քաղաքացու նկատմամբ արտահանձնման ստուգումներ է անցկացրել եւ նյութերն ուղարկել ՌԴ գերագույն դատարան՝ արտահանձնման որոշում կայացնելու համար: