«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Facebook-ի իր էջւմ հերթական ապօրինության մասին է բարձրաձայնել:

«Տեղեկացնում եմ ԿԳ նախարարությանը, որ բողոքներ եմ ստացել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի եւ Մեծամորի թ.1 դպրոցի ծնողներից, որտեղ վերեւներից շարունակում են պարտադրել տարբեր առարկաներից աշխատանքային տետրերը՝ վկայակոչելով ծնողական խորհրդի որոշումը:

Ես դե՛մ եմ նման պարտադրանքին, սակայն մյուս կողմից գիտեմ, որ կան աշխատանքային տետրեր, որոնք շատ օգտակար են կրթությունը ավելի որակյալ դարձնելու համար, ուղղակի մեզ մոտ ամեն լավ գործ փչացվում է, երբ այն սկսում է ծառայել միայն բիզնեսին: Իմ կարծիքով՝ չպետք է բռնանալ ուսուցչի ընտրության վրա եւ աշխատանքային տետրերի ընտրությունը պետք է կատարի ուսուցիչն ու ինքը պետք է ներկայացնի ծնողներին դրանց անհրաժեշտությունը, բայց ոչ երբեք պարտադրի:

Որքան հասկացա Արմավիրի մարզում վերեւից՝ մարզպետի մակարդակով է թելադրված աշխատանքային տետրերի պարտադրանքը, որն արդեն արգելված է ԿԳ նախարարի հրամանով:

Եթե իսկապես իմ ենթադրությունը ճիշտ է, ապա պետք է կրկին ամրագրենք, որ մարզպետի համար ԿԳ նախարարի հրամանն առ ոչինչ է, նրանք մարզերում իրենց թագավոր են զգում»,- գրել է Անահիտ Բախշանը: