Հայաստանում գնում են թուրքական ապրանքներ, իսկ ստացված գումարներով Թուրքիան օգնում է Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ռեժիսոր, «Բոյկոտ» հոլովակի հեղինակ Արշակ Զաքարյանը՝ կոչ անելով այլեւս չգնել թուրքական ապրանքներ: Նա հիշեցրել է, որ օրերս Գյուղատնտեսության նախարարությունը չեղյալ է համարել Թուրքիայից եւ Ադրբեջանից գյուղմթերքների ներմուծման արգելքը:

«Մեր ժողովորդը միայն առուծախով չէ, որ պետք է ապրի: Ուստի մեղավոր է պետությունը, որը ոչինչ չի արել, որպեսզի մարդիկ կարողանան այլ կերպ գումար վաստակել: Երկրում սեփական արտադրությունը չի զարգանում. մարդիկ գնում խոնարհվում են թուրքերի առաջ, խնդրում քիչ ավելի էժան վաճառել ապրանքները, որը նրանք կբերեն ու հայրենիքում կվերավաճառեն: Սա ստորացուցիչ է մեր ժողովրդի համար, իսկ պետության համար միեւնույնն է»,- ասել է ռեժիսորը:

Թուրքական ապրանքների վրա հայերի ծախսած գումաների հաշվին Թուրքիան հավելյալ ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին: Ստացվում է, մեր փողերը սպանում են մեր երեխաներին: «Ամիսներ առաջ ես նկարահանել եմ թուրքական ապրանքների բոյկոտի մասին հոլովակ, որում նշել եմ այդ մասին: ԱՄՆ-ում այն վաղուց ցուցադրում են, իսկ այստեղ գիտեն դրա մասին, բայց ցուցադրել չեն կամենում, իբր՝ մենք գնում ենք Եվրոպա, չի կարելի ազգայնականություն քարոզել: Իսկ երբ Թուրքիան չի բացում սահմանը, ոչ ոք ոչինչ չի ասում: Երբ բաց լինի սահմանը, այն ժամանակ էլ կարելի է առեւտրով զբաղվել: Նախքան ուրիշների խախտումները, թող իրենց մասին մտածեն»,- նշել է Զաքարյանը:

Ինքն անձամբ արդեն 20 տարի է թուրքական ապրանքներ չի գնում: «Մի անգամ ուզում էի մեքենայի նստատեղի համար ծածկոց գնեի: Շրջեցի ողջ քաղաքով, սակայն ամենուր թուրքականներն էին: Մի կերպ գտա չինական մեկը: Նախկինում երբեք չէի ուրախացել չինական տառերի համար: Այն կրկնակի անգամ թանկ էր թուրքականից: Հարցրեցի, թե նույնի թուրքական տարբերակը կրկնակի էժան է. ինչու՞: Պատասխանեց, քանի որ կողքի փոքր ավտոտնակում են կարում: Մոտեցա ու այս անգամ հարցրի, թե ինչու են հայկականը թուրքականի անվան տակ ներկայացնում: Պատասխանեցին, որ այդպես ձեռնտու է, ավելի լավ է վաճառվում: Այ թե ինչ օրի ենք հասել. հարկեր չվճարելու համար ապրանքը թուրքականի անվան տակ են վաճառում»,- եզրափակեց ռեժիսորը: