Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են նաեւ պատվավոր եւ զինվորական բարձրագույն կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ հանձնել է պարգեւները, շնորհավորել եւ մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Սիրելի՛ բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրը անհատապես եւ մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին եւ հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, եւ առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն եւ որպես երկիր:
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ: Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթեւանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի եւ ժողովրդի առաջ:
Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգեւատրվածների, ներկայացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա եւս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում եւ մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ:
Սիրելի՛ բարեկամներ,
Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետեւ սա նաեւ առիթ է հանդիպելու եւ Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը եւ լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում:
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ»:

































