Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներից դատելով՝ ս/թ. օգոստոսին երկրի տնտեսությունում լուրջ փոփոխություններ չեն գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն աննշան աճ է արձանագրվել՝ 2,9%: Սա հուլիսյան  1,5% անկման համեմատ կարելի է դրական շարժ համարել:

Ըստ վիճակագրության՝ լավագույն ցուցանիշները գյուղատնտեսության ոլորտում են՝ համախառն արտադրանքի աճը, տարեկան կտրվածքով, 11,9% է: Տարեշրջանը բերքի առումով հաջող էր, ինչը նաեւ դրական անդրադարձավ դրա արտահանման վրա: Միաժամանակ, որոշ բանջարեղենների եւ մրգերի գները կտրուկ աճել էին, ինչը կարելի է բացատրել դրանք երկրի սահմաններից դուրս առաքելու հանգամանքով:

Հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալները կրճատվել են 8,5%-ով: 

Օգոստոսը նշանավորվել է  ինչպես առեւտրի (1,1%), այնպես էլ ծառայությունների  (0,7%) ֆիզիկական ծավալների կրճատմամբ: Անկման ցուցանիշներն առաջին հայացքից աննշան են, սակայն նման սինխրոնություն վերջին տարիներին հազվադեպ է հանդիպում: Անշուշտ, իր դերն է ունեցել ինֆլյացիան, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների կտրուկ գնաճը:

ԱՎԾ-ի նախնական տվյալներում մեջբերվող «առեւտրաշրջանառություն» տերմինը բացի մանրածախ առեւտրաշրջանառությունից ներառում է նաեւ ավտոմեքենաների վաճառքը՝ դրանց վերանորոգմամբ եւ մասերի վաճառքով հանդերձ:

 «Ավտոմեքենաների» մասով ընթացիկ տարվա հունվար-հուլիսին շրջանառությունը կրճատվել է  17,6%-վ: Միաժամանակ, I կիսամյակի տվյալով՝ ավտոմեքենաների ներկրումը աճել է 3 հազար միավորով 22%-ով:

Օգոստոսին ինֆլյացիան (9,3%) զգալի գերազանցել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճը (5,1%): Հավելենք, ընթացիկ տարվա անցած ութ ամիսներին իրական աշխատավարձը հետեւողականորեն կրճատվում էր՝ բացասաբար անդրադառնալով բնակչության ընդհանուր վճարունակության վրա: Այս տեսանկյունից դրական է ոչ առեւտրային բնույթի արտաքին դրամական փոխանցումների հոսքի աճը:

Ալբերտ Խաչատրյան