Այսօր` սեպտեմբերի 21-ին ժամը 16.00-ից քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից, նախապես տարածած հայտարարության համաձայն, սկսվելու է «Անկախության համազգային երթը»: Ակտիվիստները Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պուրակով շարժվելու են դեպի Բաղրամյան 26: Այս կերպ քաղաքացիական ակտիվիստներն իրենց դժգոհություն են հայտնում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ:

Ակտիվիստների թիվը գնալով ավելանում է։ Այս պահին արդեն Ազատության հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Ակցիայի առաջին րոպեներին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ տեղեկացրել, որ թեեւ ակցիան արտոնված չէ, ոտսիկանությունը չի խոչընդոտի դրա անցկացումը, բայց Փաշինյանը որպես պատգամավոր պետք է հետեւի, որ ակցիայի մասնակիցները չխախտեն հասարակական կարգը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն Ազատության հրապարակ է եկել որպես ՀՀ քաղաքացի, ոչ որպես պատգամավոր, բայց վստահեցրել է, որ նախաձեռնությունը խաղաղ է, եւ ոչ ոք չի պատրաստվում խախտել հասարակական կարգը։